Ազգային ժողովի գրադարանը հիմնադրվել է 1991 թվականին և գործում է աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության հետազոտական և տեղեկատվական բաժնի կառուցվածքում։
Գրադարանը համագործակցում է Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև եվրոպական խորհրդարանական գրադարանների հետ։
Գրադարանի առաքելությունն է բավարարել պատգամավորների, նրանց օգնականների և աշխատակազմի տեղեկատվական պահանջները՝ ներառելով միջգրադարանային բաժնույթի հնարավորությունները։
Գրադարանային հավաքածուն ներառում է 11 482 միավոր բազմալեզու գրականություն՝ տեղեկատուներ, օրենսդրական, քաղաքական, իրավաբանական, դիվանագիտական, ազգամիջյան հարաբերություններին, տնտեսագիտությանը, պատմությանը, միջազգային հարաբերություններին և մարդու իրավունքներին նվիրված նյութեր, միջազգային պայմանագրերի ժողովածուներ, պաշտոնական տեղեկագրեր, բազմաբնույթ պարբերականներ, ինչպես նաև չհրապարակված փաստաթղթեր՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն լեզուներով։
Գրադարանը իրականացնում է օրենսդրական նյութերի ավանդապահ գրադարանի գործառույթը։
Համացանցում շահագործվող էլեկտրոնային քարտարանը ներառում է հավաքածուի գրքերի, ամենօրյա թերթերի և ամսագրերի հոդվածների մատենագիտական նկարագրություններ՝ կապված Ազգային ժողովի և նրա մարմինների գործունեության հիմնախնդիրների հետ։
Գրադարանը բաց է հետազոտողների, գիտական ատենախոսություններ պաշտպանողների և քաղաքացիների համար՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի թույլտվությամբ՝ տեղում սպասարկելու պայմանով։ Անհրաժեշտության դեպքում տրամադրում է պատճենահանման և սկանավորման ծառայություններ։
Էլեկտրոնային տեղեկատվական ծառայությունը հասանելի է առանց սահմանափակումների։
Էլ. Հասցե library@parliament.am
Հեռախոս 010513295