Ազգային ժողովը հուլիսի 3-ի արտահերթ նստաշրջանում քննարկել է երկրորդ ընթերցմամբ ներկայացված մի շարք օրենքների նախագծեր:
Կառավարության հեղինակած «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2025 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Գեւորգ Բաբայանը: Նա նշել է, որ առաջին ընթերցումից հետո փոփոխություններ չեն եղել:
Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե օրենքի նախագիծը ներկայացրել է Արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը:
Զեկուցողի խոսքով նախագծում լրամշակվել է բռնագրավման որոշումների կատարումն ապահովող իրավասու մարմինների շրջանակը՝ հստակեցնելով, թե որ դեպքում որ մարմինը պետք է կայացնի համապատասխան վարչական ակտը, ինչպես նաեւ կատարվել են տեխնիկական բնույթի շտկումներ:
Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝
այստեղ:
ՀՀ ԱԺ պատգամավորներ Վանիկ Օհանյանի եւ Լուսինե Բադալյանի հեղինակած ««Դեղերի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը քննարկման է ներկայացրել Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վանիկ Օհանյանը: Նա տեղեկացրել է, որ երկրորդ ընթերցումից առաջ քննարկումների ժամանակ ուշադրություն է դարձվել ոչնչացման կարգի խախտումների համար նախատեսված վարչական տույժերի չափերին: Արձանագրվել է նաեւ, որ օրենքով նախատեսված խախտումները վարչական տույժի կիրառումից հետո երկու տարվա ընթացքում երրորդ անգամ կատարելը հիմք է հանդիսանում, որպեսզի տեսչական մարմինը լիցենզավորող մարմնին ներկայացնի միջնորդագիր՝ ոչնչացում իրականացնող լիցենզավորված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ վտանգավոր թափոնների գործառության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ:
Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝
այստեղ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի ներկայացմամբ քննարկվել է «Սոցիալական աջակցության մասին» եւ հարակից օրենքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:
Հիմնական զեկուցողը նշել է, որ փոփոխությունների գերակշիռ մասը տեխնիկական բնույթ է կրել եւ կատարվել է մեկ բովանդակային փոփոխություն: Ըստ այդմ՝ պետական վերահսկողություն է սահմանվել սոցիալական չորս ծառայությունների նկատմամբ: Նախագծով նախատեսված էր նաեւ ճաշարանների կամ սննդի կազմակերպման ծառայության վերաբերյալ ենթաօրենսդրական ակտի մշակումը, սակայն հետագա ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ տվյալ ոլորտը կարգավորող բազմաթիվ ենթաօրենսդրական ակտեր արդեն իսկ առկա են եւ հստակ սահմանում են անհրաժեշտ չափորոշիչները: Այդ պատճառով նման ակտի մշակման անհրաժեշտություն չի դիտվել, եւ համապատասխան դրույթը հանվել է նախագծից:
Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Պատգամավոր Գեղամ Նազարյանի հեղինակած ««ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են տեխնիկական մի շարք փոփոխություններ: Գեղամ Նազարյանը տեղեկացրել է, որ ընդունել է Կառավարության ներկայացրած առաջարկները: Կառավարությունն էլ ընդունել է հեղինակի առաջարկը, որը վերաբերում էր Նավասարդի տոնը տոնացույցում ընդգրկելուն: Այն կնշվի օգոստոսի 11-ին եւ կլինի աշխատանքային օր: Ըստ Գեղամ Նազարյանի՝ չափազանց կարեւոր է այս օրն ունենալ տոնացույցում, քանի որ այն հայ ժողովրդի ամենաառաջին եւ իրադարձային տոնն է:
Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:
««Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը:
Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նշվել է, որ Կառավարությունը քննարկել է պատգամավոր Բաբկեն Թունյանի ներկայացրած առաջարկները: Դրանք ներկայացվել էին՝ հաշվի առնելով ակցիզային հարկով հարկվող տարբեր ապրանքախմբերի արտադրողների եւ ներմուծողների հետ նախորդիվ կայացած հանդիպումներն ու շահագրգիռ, կառուցողական քննարկումները: Կառավարության համար ներկայացված առաջարկներն ընդունելի են եղել. կողմերը հանգել են փոխզիջումային տարբերակի:
Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Ծովինար Վարդանյանի, Էսթեր Այվազյանի ««Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է Զարուհի Բաթոյանը:
Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանի հեղինակած ««Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը:
Նախագծի առաջին ընթերցումը՝ այստեղ:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած ««Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը նույնպես քննարկվել է ԱԺ արտահերթ նստաշրջանում:
Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Արուսյակ Մանավազյանի, Հասմիկ Հակոբյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական լրամշակված փաթեթը:
Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանի եւ Ալեն Սիմոնյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Ալխաս Ղազարյանի տեղեկացմամբ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախաձեռնությունը լրամշակվել է, հստակեցվել է, թե ինչ է նշանակում «հիմնական մուտք» հասկացությունը:
Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:
««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծերի փաթեթը որոշակի փոփոխությունների է ենթարկվել: Կառավարության առաջարկների հիման վրա կատարվել են մեծամասամբ տեխնիկական բնույթի շտկումներ: Կատարվել է նաեւ մեկ բովանդակային փոփոխություն. փաթեթը լրացվել է եւս մեկ օրենքի նախագծով:
Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Վահագն Ալեքսանյանի, Ալխաս Ղազարյանի եւ Թագուհի Ղազարյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ:
Հիմնական զեկուցող Վահագն Ալեքսանյանը նշել է, որ առաջարկ է ներկայացրել օրինագծի համահեղինակ Թագուհի Ղազարյանը, որն ընդունվել է:
Առաջարկը հետեւյալն է՝ համապատասխան հոդվածներով դատվածություն ունեցող քաղաքացիները հետագայում չեն կարողանա զբաղեցնել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոններ: Այս կարգավորումը վերաբերելու է նաեւ այն անձանց, որոնց վերաբերյալ համապատասխան քրեական գործերը ներկայումս գտնվում են դատարանների վարույթում, այդ թվում՝ ընտրակաշառքի գործերով մեղադրվող անձանց, եթե նրանք հետագայում դատապարտվեն եւ դատվածություն ունենան:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած օրենսդրական նախաձեռնությամբ փոփոխություններ ու լրացումներ է առաջարկում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում:
Հիմնական զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրել է առաջին ընթերցումից հետո կատարված փոփոխությունները:
Զեկուցողը տեղեկացրել է, որ մինչեւ երկրորդ ընթերցումը նախագծում կատարվել են ինչպես տեխնիկական, այնպես էլ բովանդակային փոփոխություններ: Տեխնիկական փոփոխություններով նախագծի դրույթները համապատասխանեցվել են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
Բովանդակային փոփոխություններով հստակեցվել են Էթիկայի հանձնաժողովի կազմավորման, նախագահի եւ նախագահի տեղակալի նշանակման, ինչպես նաեւ կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունների միջեւ տեղերի բաշխման կարգերը: Փոփոխություններ են կատարվել նաեւ հանձնաժողովի նիստերի իրավազորության, որոշումների ընդունման ընթացակարգի եւ պատգամավորի նկատմամբ կարգապահական միջոց կիրառելու վերաբերյալ որոշումների պատճառաբանման պահանջի մասով:
Բացի այդ, սահմանվել է, որ Էթիկայի հանձնաժողովը կարող է մերժել դիմումը, եթե ենթադրյալ խախտումից անցել է վեց ամիս, իսկ Ազգային ժողովի նախագահը հանձնաժողովի եզրակացության հիման վրա նիստում հրապարակում է պատգամավորի նկատմամբ կիրառվող կարգապահական միջոցը:
Նախագծով նաեւ ավելացվել է կարգապահական միջոցի նոր տեսակ՝ նախազգուշացումը, որը նախատեսված է հիմնականում նիստերի դահլիճից դուրս կատարված խախտումների դեպքերի համար:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ ԱԺ պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի, Հայկ Կոնջորյանի, Սարգիս Խանդանյանի եւ Արուսյակ Մանավազյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող օրինագծի համահեղինակ Արուսյակ Մանավազյանը ներկայացրել է նախագծի լրամշակված տարբերակը՝ նշելով, որ կատարված փոփոխություններով հստակեցվել են այն ընթացակարգերը, որոնք կիրառվում են, երբ իրավասու խմբակցությունը սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրում կամ առաջադրված թեկնածուն երեք անգամ չի ընտրվում: Միաժամանակ հստակեցվել են մշտական հանձնաժողովների ղեկավար կազմի եւ Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրության, ինչպես նաեւ համապատասխան նիստերի կազմակերպման ընթացակարգերը:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Արուսյակ Ջուլհակյանի եւ Հասմիկ Հակոբյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ:
Նախագծի հիմնական զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանի խոսքով առաջին ընթերցումից հետո կատարվել են միայն տեխնիկական բնույթի փոփոխություններ:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարությունն առաջարկել է, որպեսզի նախագիծը տարածվի ոչ միայն զորակոչից ազատման հետ կապված, այլեւ, ընդհանրապես, ցանկացած քրեական վարույթի վրա: Վահագն Ալեքսանյանի դիտարկմամբ իրենք ընդունել են Կառավարության գործընկերների առաջարկը, թեեւ, ինչպես պատգամավորն է նշում, իրենց նախնական նպատակն է եղել, որպեսզի օրենքը վերաբերի բացառապես զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին:
Քննարկված օրենքների նախագծերը ստացել են գլխադասային հանձնաժողովների դրական եզրակացությունը: Ազգային ժողովը քվեարկություններով ընդունել է երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերը:
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:




