Հոդված 1. 2016 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 68-րդ հոդվածի՝
1) 3-րդ մասի առաջին պարբերությունը լրացնել հետեւյալ բովանադակությամբ՝ նոր երկրորդ նախադասությամբ.
«Այդ ընթացքում հանձնաժողովի նախագահին արգելվում է ձեռքում ունենալ այլ իր:»,
2) 3-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասության «սահմանված քվեաթերթիկի» բառերը փոխարինել «սահմանված նմուշի քվեաթերթիկի» բառերով,
3) 3-րդ մասի երկրորդ պարբերության չորրորդ նախադասության «քվեարկության ծրարը մարվում է, կամ քվեաթերթիկը դրվում է համապատասխան կուսակցության օգտին քվեարկած քվեաթերթիկների փաթեթի մեջ:» բառերը փոխարինել «քվեաթերթիկը դրվում է համապատասխան կուսակցության օգտին քվեարկած քվեաթերթիկների փաթեթի մեջ կամ անվավեր քվեաթերթիկների փաթեթի մեջ (մարման հիմքերի առկայության դեպքում քվեաթերթիկը դրվում է մարված ծրարով):» բառերով,
4) 3-րդ մասի երկրորդ պարբերության հինգերորդ նախադասությունը հանել,
5) 4-րդ մասի առաջին պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր երրորդ նախադասությամբ.
«Այդ ընթացքում հանձնաժողովի նախագահին արգելվում է ձեռքում ունենալ այլ իր:»,
6) 4-րդ մասի երկրորդ պարբերության երրորդ նախադասության «քվեարկության ծրարը մարվում է, կամ» բառերը հանել, իսկ «փաթեթի մեջ» բառերից հետո լրացնել «կամ անվավեր քվեաթերթիկների փաթեթի մեջ (մարման հիմքերի առկայության դեպքում քվեաթերթիկը դրվում է մարված ծրարով)» բառերով,
7) 6-րդ եւ 7-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Ավելորդ գրառում կամ նշում կամ սահմանված նմուշի քվեաթերթիկից բացի այլ իր պարունակող քվեարկության ծրարի դեպքում, քվեարկության ծրարը դրանում գտնվող քվեաթերթիկի հետ անհապաղ մարվում է այնպես, որ վերահաշվարկի ժամանակ հնարավոր լինի հաստատել մարման հիմքի առկայությունը:
7. Արդյունքներն ամփոփելիս սահմանված նմուշի մարված քվեաթերթիկները հաշվարկվում են որպես անվավեր:»:
Հոդված 2. Օրենքի 69-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Ազգային ժողովի եւ համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքի ավագանու ընտրությունների դեպքում սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե քվեաթերթիկը կամ ծրարը ներառում է որեւէ գրառում կամ նշում կամ ծրարում սահմանված նմուշի քվեաթերթիկից բացի, առկա է ցանկացած այլ իր:»,
2) 2-րդ մասում լրացնել հետեւալ բովանդակությամբ՝ նոր 4.1-ին կետով.
«4.1) ծրարը պարունակում է որեւէ գրառում կամ ծրարում, սահմանված նմուշի քվեաթերթիկից բացի, առկա է ցանկացած այլ իր.»:
Հոդված 3. Օրենքի 81-րդ հոդվածի 2-րդ մասում.
1) երկրորդ նախադասությունը հանել,
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ երկրորդ պարբերությամբ.
«Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ եւ (կամ) դրանց հոլովաձեւեր: Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ:»:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո՝ անմիջապես:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է ընտրական գործընթացներում գործնականում առաջացած խնդիրների հաղթահարումն ապահովելու, ինչպես նաեւ դրանց նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու եւ ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման ու անցկացման անհրաժեշտությամբ:
Մասնավորապես, 2021 թվականի մայիսի 7-ին ՀՕ-202-Ն օրենքով կատարված փոփոխություններով սահմանվեց, որ Ազգային ժողովի եւ համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքի ավագանու ընտրությունների դեպքում սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե ներառում է որեւէ գրառում կամ նշում, կամ ծրարում, քվեաթերթիկից բացի, առկա է այլ իր: 2024 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-505-Ն օրենքով կատարված փոփոխություններով քվեաթերթիկը անվավեր ճանաչելու հիմքերից հանվեց քվեաթերթիկից բացի ծրարում այլ իր առկա լինելու վերաբերյալ դրույթը, որը գործնականում կարող է բերել ընտրողի գաղտնի քվեարկության իրավունքի խախտմանը: Օրինակ՝ կարող է առաջանալ իրավիճակ, երբ ընտրակաշառք ստացողից կարող են պահանջել իրեն բացահայտող որեւէ թղթի կտոր դնել ծրարի մեջ՝ օրինակ՝ հերթական համարով, որը հայտնի է միայն վճարողին: Բացի այդ, ծրարում սահմանված նմուշի քվեաթերթիկից բացի ցանկացած այլ իրի առկայության վերաբերյալ դրույթը որպես քվեաթերթիկը անվավեր ճանաչելու հիմք նախատեսելը կարող է հանդիսանալ որպես ընտրակաշառք ստացածների վերահսկողության գործիքներից մեկը:
Միաժամանակ հարկ է նկատել, որ 2024 թվականի սեպտեմբերի 26-ին Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում (այսուհետ՝ նաեւ Օրենսգիրք) եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող նախագծերի փաթեթում ներառված՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող նախագծով առաջարկվել էր, ի թիվս այլնի, փոփոխություն կատարել Օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ մասում՝ հանելով դրա երկրորդ նախադասությունը:
Նշված փոփոխության նպատակը եղել է բացառապես Օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված այն պահանջի վերացումը, ըստ որի՝ կուսակցությունների դաշինքի անվանման ներքո փակագծերում պետք է նշվեն դաշինքի անդամ բոլոր կուսակցությունների անվանումները: Այդ պահանջը կրում է զուտ տեխնիկական բնույթ եւ վերաբերում է միայն տեղեկատվության ներկայացման ձեւաչափին, այլ ոչ թե ընտրական իրավունքի իրացման բովանդակային պայմաններին:
Սակայն, նախագծի առաջինից երկրորդ ընթերցում քննարկման ընթացքում կատարված խմբագրական փոփոխությունների արդյունքում նախագծի վերջնական տարբերակում օգտագործվել է «պարբերություն» եզրույթը՝ «նախադասություն» բառի փոխարեն: Արդյունքում, գործող խմբագրությամբ ստացվել է, որ ուժը կորցրած է ճանաչվել ոչ թե 81-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը, այլ դրա երկրորդ պարբերությունը:
Օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանվում էր, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ եւ (կամ) դրանց հոլովաձեւեր, ինչպես նաեւ չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ: Միաժամանակ, Օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասով՝ համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու անդամի թեկնածուների առաջադրման դեպքում, նախատեսված է նույնաբովանդակ կարգավորում: Ընդ որում, Օրենսգրքում նախորդ փոփոխությունների ընթացքում այդ դրույթները ներդրվել են միասնական հիմնավորմամբ եւ նույն նպատակներով: Հետեւաբար, եթե առկա լիներ քաղաքական կամ իրավական նպատակադրություն վերացնելու տվյալ սահմանափակումները, անհրաժեշտ կլիներ համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ Օրենսգրքի 129-րդ հոդվածում, ինչպես նաեւ հարակից իրավական ակտերում: Այդպիսի փոփոխություններ, սակայն, չեն առաջարկվել, եւ նման քաղաքականության կամ իրավական մոտեցման վերաբերյալ որեւէ քննարկում չի իրականացվել:
Նշված սահմանափակումները կրում են բովանդակային եւ սկզբունքային նշանակություն: Դրանք նաեւ համահունչ են քաղաքական կուսակցությունների անվանման նկատմամբ գործող սահմանափակումներին, որոնք սահմանված են «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածով: Այս հանգամանքը եւս վկայում է համապատասխան կարգավորումների պահպանման համակարգային անհրաժեշտության մասին: Հաշվի առնելով, որ կուսակցությունների դաշինքները հանդիսանում են նույն քաղաքական սուբյեկտների համագործակցության ձեւ, որոնք իրենց գործունեությամբ եւ նպատակներով ներգրավված են նույն քաղաքական-իրավական հարաբերություններում, տրամաբանական եւ իրավաչափ է, որ նրանց անվանման նկատմամբ կիրառվեն նույնատիպ սահմանափակումներ: Այս առումով Օրենսգրքի համապատասխան դրույթները չեն հանդիսանում ինքնուրույն կամ առանձնացված կարգավորումներ, այլ ներդաշնակորեն լրացնում են արդեն իսկ գործող սահմանադրական օրենքի պահանջները՝ ապահովելով իրավակարգավորման համակարգայնությունը:
Ավելին, նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ, ինչպես նաեւ Ազգային ժողովում դրա քննարկումների ընթացքում, որեւէ կերպ չի նշվել, որ նախատեսվում է վերացնել կուսակցությունների դաշինքների անվանման նկատմամբ գործող սահմանափակումները: Ընդհակառակը, քննարկումների ամբողջ տրամաբանությունից ակնհայտ է, որ նպատակ է հետապնդվել բացառապես տեխնիկական բնույթի դրույթի վերացումը:
Ուստի, Օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության ուժը կորցրած ճանաչումը պետք է գնահատել որպես տեխնիկական վրիպակ, որը անհրաժեշտ է շտկել՝ իրավական սահմանված ընթացակարգով:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծով առաջարկվում է.
1. հստակ սահմանել քվեատուփը բացելիս Հանձնաժողովի նախագահի քվեարկության ծրարից բացի ձեռքում այլ իր ունենալու արգելքը:
2. լրացնել Ազգային ժողովի եւ համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքի ավագանու ընտրությունների դեպքում սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր համարելու հիմքերը: Որպես հիմք` սահմանվել է նաեւ քվեաթերթիկից բացի ծրարում այլ իր առկա լինելու վերաբերյալ դրույթը:
3. ավելորդ գրառում կամ նշում կամ սահմանված նմուշի քվեաթերթիկից բացի այլ իր պարունակող քվեարկության ծրարի դեպքում, քվեարկության ծրարը դրանում գտնվող քվեաթերթիկի հետ անհապաղ մարել այնպես, որ վերահաշվարկի ժամանակ հնարավոր լինի հաստատել մարման հիմքի առկայությունը:
4. արդյունքներն ամփոփելիս մարված սահմանված նմուշի քվեաթերթիկները հաշվարկվեն որպես անվավեր:
5. Օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ մասից հանել երկրորդ նախադասությունը, որով սահմանվում էր, որ կուսակցությունների դաշինքի անվանման ներքո փակագծերում նշվում են դաշինքի անդամ բոլոր կուսակցությունների անվանումները:
6. Օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր երկրորդ պարբերությամբ՝ վերականգնելով հետեւյալ բովանդակությունը.
«Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ եւ (կամ) դրանց հոլովաձեւեր: Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ:»:
Առաջարկվող փոփոխությունն ուղղված է Օրենսգրքի ներքին համակարգայնության, իրավական որոշակիության եւ արդեն իսկ գործող կարգավորումների միջեւ ներդաշնակության վերականգնմանը:
3. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել ընտրական գործընթացների կազմակերպման արդյունավետությունը, նվազեցնել գործնականում ի հայտ եկող խնդիրները, ինչպես նաեւ կատարելագործել դրանց նկատմամբ վերահսկողության մեխանիզմները:
Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի նաեւ վերացնել Օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի խմբագրման ընթացքում թույլ տրված վրիպակը եւ վերականգնել կուսակցությունների դաշինքների անվանման նկատմամբ մինչ այդ գործող սահմանափակումները:
Այսպիսով՝ Նախագիծը կնպաստի ընտրական գործընթացի իրավական որոշակիության, ընտրական գործընթացի թափանցիկության եւ արդարության ապահովմանը, ինչպես նաեւ Օրենսգրքի տարբեր հոդվածների եւ հարակից իրավական ակտերի միջեւ համակարգային ներդաշնակության պահպանմանը: