Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-13092-06.04.2026-ԱռՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 47.36-րդ հոդվածից հետո լրացնել նոր 47.37-րդ հոդված՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 47.37 Բժշկական օգնության եւ սպասարկման համար նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների համար օրենքով չնախատեսված վճարներ գանձելը կամ դրանց տրամադրումը մերժելը

1.Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի առկայության դեպքում բժշկական օգնության եւ սպասարկման համար նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների համար օրենքով չնախատեսված վճարներ գանձելը կամ այդ ծառայությունների տրամադրումը մերժելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր դեպքի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով:

2. Սույն հոդվածով նախատեսված արարքը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:

Հոդված 2. Օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասում «47.34-րդ,» բառից հետո լրացնել «47.36-րդ, 47.37-րդ» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայացված նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի կիրարկման ընթացքում վերհանված օրենսդրական բացերը լրացնելու, վրիպակները շտկելու, ինչպես նաեւ առանձին չկարգավորված հարաբերություններ կարգավորելու անհրաժեշտությամբ:

Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի մասով՝

ա. բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալ եւ լրացուցիչ ծառայությունների, այդ ծառայությունները ստացող անձանց իրավունքների եւ պարտականությունների, այդ ծառայությունների գծով պայմանագրերի կնքման, դրանց հետ կապված այլ գործընթացների մասով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում առկա են որոշակի օրենսդրական բացեր, որոնք հետագայում կարող են խնդրահարույց լինել բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալի եւ լրացուցիչ ծառայությունների երաշխավորման համակարգի պատշաճ գործունեության, չապահովագրված անձանց իրավունքների պատշաճ ապահովման տեսանկյունից, ուստի առաջարկվում է լրացնել առկա բացերը, անհրաժեշտ իրավակարգավորումներ սահմանելով օրենքում.

բ. առաջարկվում է առողջության համընդհանուր ապահովագրության մեջ ընդգրկված բնակչության խմբերում որպես ապահովագրման ենթակա պարտադիր խումբ եւ, ըստ այդմ, առողջության համընդհանուր ապահովագրության ենթակա խմբերի մեջ ներառել մինչեւ մեկ տարեկան երեխաներին, Էլեկտրոնային հարթակով իրականացվող ուղեւորափոխադրման ծառայության փոխադրողներին (վարորդներ) (ուժի մեջ մտնելու ժամկետ 2027 թվականի հունվարի 1), ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի իմաստով եւ կարգով շահառու ճանաչված անձանց, որոնց մի մասը «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում տեղ գտած ձեւակերպման պատճառով ներառված չէր առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում (ըստ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի տրամադրած տեղեկատվության, ԱՀԱ շահառուների թիվը կավելանա շուրջ շուրջ 393 անձով, որը ՀՀ պետական բյուջեի համար նախատեսում է լրացուցիչ հիսուն միլիոն ՀՀ դրամի ծախս) Առաջարկությունը թույլ կտա առողջության պահպանման սահմանադրական իրավունքի ապահովման արդյունավետ համալիր կառուցակարգերը կիրարկել նաեւ բնակչության այդ խմբերի համար: Բացի այդ, առաջարկվում է հստակեցնել օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով ապահովագրման ենթակա խմբերը՝ դրանց թվարկումը սահմանելով «կամ» շաղկապով, ինչպես նաեւ հանել փաստականներին եւ ապաստան հայցող անձանց մասով հանել Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկվելու սահմանափակումը, որոշակի հստակեցումներ սահմանել օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված խմբերում.

գ. հաշվի առնելով ԱՀԱ համակարգի պատրաստականության ներկա վիճակը, ինչպես նաեւ քաղաքացիների կողմից ստացվող առաջարկները, ԱՀԱ ապահովագրված անձանց հետ փոխկապակցված անձանց մասով օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանել 2027 թվականի հունվարի 1-ը.

դ. անհատ ձեռնարկատերերի համար ԱՀԱ համակարգի համար նախատեսված ապահովագրավճարների պատշաճ ապահովման նպատակով առաջարկվում է 2026 թվականի համար վճարման վերջնաժամկետ սահմանել մինչեւ 2026 թվականի հուլիսի 20-ը եւ հուլիսի 1-ից սահմանել ամսական ձեւաչափով ապահովագրավճարների վճարման հնարավորություն.

ե. շտկել կամ փոփոխել օրենքոում ոչ միանշանակորեն ընկալվող առանձին դրույթներ.

զ. «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 25-րդ հոդվածում, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է Առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաեւ բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտներում գաղտնի տեղեկությունների ցանկից հանել առեւտրային գաղտնիք պարունակող տեղեկությունների մասին հիշատակումները, հաշվի առնելով, որ ԱՀԱ համակարգում նման տեղեկություններ չեն հավաքագրվում.

է. կարգավորել կամ վերանայել ապահովագրավճարների վճարման հետ կապած առանձին հարաբերություններ, որոնք բաց են թողնվել օրենիք գործող տարբերակից.

զ. բացի վերը նշվածը «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է շտկել առանձին բացթողումներ եւ վրիպակներ, լրացնել օրենսդրական առանձին բացեր, այսպես՝

- 2025 թվականի սեպտեմբերի 11-ին ընդունվել է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքը, որտեղ «հետբուհական ուսուցում» տերմինը փոխարինվել է «հետավարտական ուսուցում» տերմինով: Հաշվի առնելով սույն հանգամանքը եւ ելնելով օրենսդրության մեջ միատեսակ տերմինների կիրառման պահանջից՝ նախագծով նախատեսվում է օրենքում համապատասխան փոփոխություն իրականացնել:

- 2023 թվականից ի վեր գործում է Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովը եւ դրա գործունեության ընթացքում ձեւավորված պրակտիկայի ուսումնասիրության արդյունքում անհրաժեշտություն էառաջացել վերանայել հանձնաժողովի գործունեությունը կարգավորող հոդվածը, դրանում փոփոխելով եւ հստակեցնելով առանձին ձեւակերպումներ, ինչպես նաեւ ներառելով նոր կարգավորումներ, որոնք անհրաժեշտ են Հանձնաժողովի բնականոն գործունեության համար:

- «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի ապրլի 11-ի ՀՕ-164-Ն օրենքում տեղ են գտել առանձին վրիպակներ, մասնավորապես, նշված օրենքի ինկորպորացիայի արդյունքում, ավագ եւ միջին բուժաշխատողների կողմից մասնագիտական էթիկայի կանոնների խախտման դեպքում էթիկայի հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումների համար հիմք հանդիսացող իրավակարգավորումները դուրս են մնացել եւ վերջնական ակտում չեն արտացոլվել, ուստի անհրաժեշտ է շտկել տեղ գտած վրիպակը.

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մասով.

Առաջարկվում է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի առկայության դեպքում բժշկական օգնության եւ սպասարկման համար նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների համար օրենքով չնախատեսված վճարներ գանձման կամ այդ ծառայությունների տրամադրումը մերժման համար սահմանել վարչական պատասխանատվություն, ինչպես նաեւ լրացնել օրենսգրքում առկա օրենսդրական բացերը եւ օրենսգրքի 47.35, 47.36-ի 47.37-ի հոդվածների մասով վարչական իրավախախտումների գործերը քննող մարմին սահմանել Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնին:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը չի առնչվում ռազմավարական փաստաթղթերի հետ:

Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագծերը մշակվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կողմից:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում տարեկան նախատեսվում է ըստ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի տրամադրած տեղեկատվության, ԱՀԱ շահառուների թվի ավելացման շուրջ 393 անձով, որը ՀՀ պետական բյուջեի համար նախատեսում է լրացուցիչ հիսուն միլիոն ՀՀ դրամի ծախս:

Նախագծերի ընդունմամբ պետական բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն